28 մայիսի 2011 - 16:39 AMT
Մոսկվայում կայանալու է Կարեն Սարկիսովի և Յարոսլավ Զյաբլովի համատեղ ցուցահանդեսը

Հունիսի 3-ին Մոսկվայի Սերգեյ Անդրիյակիի դպրոցի ցուցասրահում բացվելու է Կերպարվեստի ռուսական ակադեմիայի շրջանավարտներ քանդակագործ Կարեն Սարկիսովի և Յարոսլավ Զյաբլովի համատեղ ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված են 50 կտավներ և 40 քանդակներ:

Յարոսլավ Զյաբլովը երիտասարդ նկարիչ է, հիմնականում աշխատում է բնանկարի ժանրում: Նրա հաջողության գրավականը, ըստ մասնագետների, պլենեռում (բնության գրկում) ստեղծագործելն է: Նա հանդիսանում է ռեալիստական գեղանկարչության կրողը, ով շատ զգայուն է ընկալում ամեն ինչ: Նկարիչը փորձում է իր նկարներով փոխանցել իր զգացմունքներն ու էմոցիաները, հոգեվիճակը: Կարեն Սարկիսովը քանդակագործության մեջ ռեալիստական ուղղության հետևորդն է: Նրան հետաքրքրում է մարդու անհատականությունը: Այդ իսկ պատճառով նա քանդակում է պատմական կերպարների, երաժիշտների, գիտնականների և այլոց (Դոն Քիշոտ, Մյունհաուզեն, Միքելանջելո): Նրա աշխատանքներում տեղ են գտել նաև ժամանակակից գործիչները, մասնավորապես հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, հաղորդում է դպրոցի պաշտոնական կայքը: