29 մայիսի 2011 - 18:21 AMT
Մամեդյարովը ԱՄՆ-ում Քլինթոնի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 29-ից հունիսի 3-ը աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում:

Ինչպես հաղորդել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, Մամեդյարովը ելույթ կունենա Նյու-Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում ԻԽԿ դեսպանների հանդիպմանը:

Ծրագրված է նաև Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, Արաբական երկրների լիգայի և ՄԱԿ-ին առընթեր ասիական պետությունների մշտական ներկայացուցիչների հետ:

Վաշինգտոնում կկայանա Էլմար Մամեդյարովի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, քննարկվելու է նաև ղարաբաղյան հակամարտությունը: Վաշինգտոնում Մամեդյարովը կհանդիպի նաև Բրուքինգի ինստիտուտի ԱՄՆ և Եվրոպայի կենտրոնի տնօրեն Ֆիոնա Հիլլի հետ, հաղորդում է AZE.az-ը: