29 մայիսի 2011 - 18:29 AMT
ՀԱՊԿ-ն ու ՄԱԿ-ը, հնարավոր է, միասին խաղաղապահ առաքելություններ իրականացնեն

Հունիսի 1-ին Մինսկում կկայանան ՄԱԿ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստերը: ՀԱՊԿ-ՄԱԿ նիստերում կդիտարկվեն ՀԱՊԿ պետությունների անվտանգության ապահովման հարցերն ու ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի միջև համագործակցության ձևաչափում խաղաղապահական գործունեության կազմակերպման հեռանկարները:

ՀԱՊԿ Քարտուղարության մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ին հաղորդել է, որ Արտգործնախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների Քարտուղարների կոմիտեի նիստերում կդիտարկվեն միջազգային իրադրության զարգացման հեռանկարներին և ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության ապահովման վրա դրա ազդեցությանը վերաբերող հարցեր, գործընկերության ինստիտուտ ստեղծելու առաջարկներ (ներմուծվում են Բելառուսի Հանրապետության կողմից), ՀԱՊԿ-ՄԱԿ համատեղ ձևաչափում խաղաղապահական գործունեության կազմակերպման հեռանկարներ:

Նրա խոսքով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստերի մասնակիցներին կտեղեկացնի միջազգային և տարածաշրջանային կառույցների հետ Կազմակերպության անդամ պետությունների համագործակցության և արտաքին քաղաքական համակարգման վիճակի և 2011 թվականին ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների մասին:

Սպասվում է, որ նիստի ավարտին ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հետ կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Թաջիկստանն ու Ուզբեկստանը: