30 մայիսի 2011 - 10:17 AMT
«Kinderwall»-երը կխթանեն Գորայքի երեխաների համակարգչային հմտությունների զարգացմանը

Հունիսի 1-ից Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի «Kinderwall» կոչվող փորձարարական նախագիծը։«Kinderwall»-ը նորարարական ուսումնական լուծում է, որն ուղղված է երեխաների կրթության խթանմանը։ Այս նախագիծն իրականացնելու է «Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիան»։ Ասոցիացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց նախագծի մանրամասները։

«Մենք նախատեսում ենք 2 համակարգիչ-տերմինալ տեղադրել Գորայք գյուղի գյուղապետարանի շենքի պատի մեջ, որոնք ապահոված կլինեն ինտերնետով, լիզենզիոն Windows սթարթերով, բրաուզերով, մի քանի ստանդարտ ծրագրերով և որոշ խաղերով։ Գյուղապետարանի մոտակայքում երեխաները շատ են վազվզում։ Տերմինալների վրա տեղադրված տեսախցիկների միջոցով մենք կհետևենք, թե ինչպես են երեխաներն ընտելանում համակարգչին»,- պատմեց Ալբերտ Պողոսյանը։

Ըստ Ալբերտ Պողոսյանի՝ ապացուցված է, որ երեխաներին ոչինչ պետք չէ սովորեցնել, նրանք ինքնուրույն կսովորեն և կսովորեցնեն ուրիշ երեխաներին։ Սրանում է կայանում «Kinderwall»-ի ողջ նպատակը. «Եթե մեծին համակարգիչ տաս, հնարավոր է` ընտրի իրեն հարմար լեզուն։ Իսկ այսպես երեխաները չիմանալով անգլերեն՝ կընտելանան, կշփվեն համակարգչի հետ։ Սա նորարար սոցիալ-մշակութային հիանալի ծրագիր է, այլընտրանքային ուսուցման գաղափար, որը մենք ցանկանում ենք զարգացնել»,- ավելացրեց նա։

«Մենք տարբեր ֆիլտրեր ենք դրել՝ մեյլերի, չատերի, սոցցանցերի, պոռնո կայքերի և կախվածություն առաջացնող ծրագրերի դեմ»,- ասաց Ալբերտ Պողոսյանը և ավելացրեց, որ ծրագրի ավարտից հետո կազմելու են ուսումնասիրություն՝ որքանով էր արդյունավետ նախագիծը։

Տերմինալները ունեն touch էկրան և երկաթե ստեղնաշար։ Աշխատելու են 24 ժամ, դրանք մինչև 2 մեգաբիթ արագությամբ ինտերնետով ապահովելու է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը։ Իսկ ծրագիրը 2,5 միլիոն դրամով ֆինանսավորել է «Գորայք» գյուղում մասնաճյուղ ունեցող «Գեոթիմ» ընկերությունը, որը մինչ այդ գյուղում իրականացրել է տարբեր սոցիալական ծրագրեր։

Մինչ ծրագրի մեկնարկը գյուղում անցկացվելու է սեմինար երեխաների ծնողների հետ, որտեղ վերջիններս կծանոթանան ծրագրին և նրա նպատակին։ Ծրագիրը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար։

Ալբերտ Պողոսյանի խոսքով ծրագրի հաջող արդյունքերի դեպքում նախատեսվում է դիմել Սևծովյան տնտեսական համագործակցություն 3 տարվա ընթացքում Հայաստանի 150 գյուղերում ծրագրի ֆինանսավորման համար։

«Kinderwall»-ի գաղափարը հորինել էր Միտրա անունով մի հնդիկ։ Ըստ նրա հաշվարկների, եթե Հնդկաստանի տարբեր քաղաքներում պատի մեջ տեղադրվի ինտերնետին միացված համակարգիչ, ապա 5 տարվա ընթացքում 500 միլիոն 6-12 տարեկան երեխա կունենա համակարգչից և ինտերնետից օգտվելու նվազագույնից ավելի բարձր գիտելիքներ։