31 մայիսի 2011 - 19:51 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սասուն Միքայելյան. ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքը բեկումնային է

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի խնդիրը կայանում է նրանում, որ համազգային շարժմանը նոր թափ հաղորդվի: Այդ մասին, ելույթ ունենալով Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ, հայտնել է համաներմամբ ազատ արձակված ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նրա խոսքով` ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքը բեկումնային է:

«Այսօր մենք կրկին միասին ենք, և ես ուրախ եմ ողջունել ձեզ ազատագրված Ազատության հրապարակում»,- ասել է Միքայելյանը:

Նրա խոսքով, ժողովուրդն ապացուցեց, որ իր հետ չի կարելի խոսել կոպիտ ուժի լեզվով, և ձեռք բերված հաջողությունները ժողովրդի հաղթանակն են ու ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հաշվարկների և իմաստության արդյունքը:

Ինչպես նշել է Սասուն Միքայելյանը, երկրում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, ինչի վկայությունը հայկական հեռուստաընկերությունների մոտեցման փոփոխությունն ու ՀԱԿ-ի հանրահավաքների լուսաբանումն է: Միքայելյանը նկատել է, որ իշխանության և ընդդիմության միջև նոր հարաբերություններ են ձևավորվում, նախադրյալներ են ստեղծվում երկրում սահմանադրական կարգերի վերականգնման համար: Նախկին պատգամավորն ընդգծել է, որ այդ ամենը հնարավորություն է ստեղծում իշխանությանը ժողովրդի վերադառնալու և երկրում առկա խնդիրների լուծման համար:

ՖՈՏՈՇԱՐՔ