1 հունիսի 2011 - 18:44 AMT
Գագիկ Մինասյան. Սոչիի պայմանավորվածություններն ավելի ձեռնտու են Հայաստանին, քան Մադրիդյան սկզբունքները

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Գագիկ Մինասյանը գտնում է, որ Սոչիի պայմանավորվածություններն ավելի ձեռնտու են Հայաստանին, քան թարմացված Մադրիդյան սկզբունքները: Նա նշել է, որ դատելով, մասնավորապես, Սոչիում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ եռակողմ հանդիպումներից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքից, կարելի է ենթադրել, որ համանախագահների առաջարկները շարժվում են հայկական կողմի նախընտրած ուղով և հեռանում ադրբեջանական կողմի զբաղեցրած դիրքորոշումից: «Հետևաբար, առանց մեծ կասկածների կարելի է հայտարարել, որ Սոչիի առաջարկները շատ ավելի ընդունելի և իրագործելի են հայկական կողմի համար, քան ադրբեջանական»: Մինասյանը նկատել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների` Դովիլի հայտարարությունում հղում կա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Սոչիի պայմանավորվածություններին, այլ ոչ թե Մադրիդյան սկզբունքներին:

Նա ավելացրել է, որ մոտ ժամանակներս կարելի է ակնկալել գործընթացի երկու հնարավոր զարգացումներից մեկը. կա'մ հակամարտությունն ուժով լուծելու` Ադրբեջանի կոշտ, ապակառուցողական քաղաքականության շարունակում, ինչը նրան խոցելի դրության մեջ կդնի, կա'մ էլ նա կհետևի կոչերին ու պարտադրմանը և կմոտենա այն սկզբունքներին, որոնք արձանագրվել են Սոչիում, և որոնք մեզ ավելի ձեռնտու են, քան թարմացված Մադրիդյան սկզբունքները»:

Մինասյանը մեկնաբանել է նաև ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմից` ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոյի պահպանման ռեսուրսներն արդեն սպառվում են: «Այդ մասին պարոն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ չէր խոսում երեկ: Այդ մասին նա խոսել է նաև շատ տարիներ առաջ»,- հեգնանքով նկատել է նա:

Մարտի 5-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը Սոչիում բանակցությունների արդյունքում ընդունել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես նշվում է փաստաթղթում, առաջնորդները քննարկել են 2010-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած հանդիպման ժամանակ ընդունված եռակողմ հայտարարության գործնական իրագործման հարցերը: Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են կարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակման գործընթացը: Բացի դրանից, փաստաթղթում նշվում է «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու և զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության անցկացման ձգտումը կողմերի մասնակցությամբ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»: