3 հունիսի 2011 - 12:28 AMT
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն Երևանում կբացի նոր մասնաճյուղ

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն շուտով նախկին գլխամասային բանկի տեղում, Բաղրամյան պող. 75 հասցեում կբացի նոր` «Բաղրամյան» մասնաճյուղ:

2011 թվականի մայիսից գլխամասային բանկը տեղափոխվել է առավել հարմարավետ և ընդարձակ նոր շենք, որը գտնվում է Վարդանանց 13 հասցեում: Գլխամասային բանկի վերանորոգման աշխատանքները դեռևս չեն ավարտվել, այդ իսկ պատճառով հաճախորդների գործառնական սպասարկումը ժամանակավորապես իրականացվում է նախկին` Բաղրամյան 75 հասցեում:

Բանկի նոր եռահարկ «Բաղրամյան» մասնաճյուղը զբաղեցնելու է 440 մ2 տարածք, հագեցված է լինելու ժամանակակից տեխնիկայով և տրամադրելու է որակյալ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Բանկի մասնաճյուղը ստեղծվում է գլխամասային բանկի տարածքի բազայի վրա, որը տվյալ հասցեում գործում էր ավելի քան 15 տարի: «Մեր մշտական հաճախորդները, որոնք սպասարկվել են Գլխամասային Բանկում, գոհ կմնան նաև նորաբաց մասնաճյուղի սպասարկումից», – նշեց բանկի մասնաճյուղերի գործունեության համակարգման վարչության պետ Լևոն Թումանյանը: