3 հունիսի 2011 - 18:29 AMT
BarCamp Yerevan 2011-ին մնաց մեկ օր

Վաղը` հունիսի 4-ին կսկվի BarCamp Yerevan 2011 չկոնֆերանսը: Կազմակերպիչներից Արփինե Գրիգորյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են: «Մեր հատուկ հյուրերի մեծ մասն արդեն ժամանել է Երևան: Այսօր երեկոյան կազմակերպիչները, կամավորեները, հյուրերը և նրանք, ովքեր պատրաստվում են ներկայացումներ անել կարող են գալ Friends բար ծանոթանալու, շփվելու և պատրաստելու միջոցառմանը»,- ասաց Արփինե Գրիգորյանը:

Այս տարի BarCamp Yerevan-ին աջակցում են «ԱրմենՏել» ըկերությունը, «Ինտերնյուս» մամուլի աջակցման ՀԿ-ն՝ USAID-ի ֆինանավորմամբ և «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերությունը, Opera Software ընկերությունը և PanARMENIAN Media-ն։

«BarCamp շարժումը շատ արագ ճանաչվածություն է ձեռք բերում տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր մեդիաների մասնագետների շրջանում: Դա զարմանալի չէ, քանի որ «չկոնֆերանսի» ձևաչափը հավասարեցնում է կորպորացիաների ղեկավարներին և շարքային օգտագործողներին, սկսնակ և հազարավոր ընթերցող ունեցող բլոգերներին: Մենք արժևորում ենք BarCamp-ի ազատ ստեղծագործ ոգին` այստեղ ողջունելի են օրիգինալ գաղափարներ և չկա կեղծ հեղինակությունների հանդեպ արձանագրային պաշտում», - նշեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Մեզ հետաքրքիր է բարքեմփային շարժումը, քանի որ այն մարդկանց այլընտրանքային լրատվության ռեսուրսների հնարավորություններն ու զարգացումները անկաշկանդ մթնոլոտում քննարկելու հնարավորություն է տալիս: Բարքամփի ձևաչափի օգնությամբ երիտասարդները, որոնց մեծ շատ են նաև լրագրողները տեղեկանում են ինտերնետային տեխնոլոգիաների վերջին զարգացումներին»,- ասում է Մամուլի աջակցության Ինտերնյուս հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

BarCampYerevan 2011-ը կկայանա հունիսի 4-5-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ BarCampYerevan 2011-ի պաշտոնական թեգն է #barcampevn11.

BarCamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ BarCamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։

Երևանում BarCamp չկոնֆերանսը անցկացվում է 2009-ից։