3 հունիսի 2011 - 18:48 AMT
Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ ամենահրեշավոր հանցագործություններից մեկն է, ասել է ավստրալացի նախարարը

Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է: Այդ մասին հայտնել է իմիգրացիայի հարցերի նախարար Սկոտ Մորիսոնը` ելույթ ունենալով երկրի խորհրդարանում: Այդ մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ Դատի Հանձնախումբը (ANC Australia):

Սիդնեյում այս տարվա ապրիլին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում Մորիսոնը խոստացավ ելույթ ունենալ ի օժանդակություն Ավստրալիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման:

«Այսօր որպես Ներկայացուցիչների պալատի անդամ` ես միանում եմ մյուսներին և հայտարարում, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ ամենահրեշավոր հանցագործություններից մեկն է: Մենք բոլորովին չենք ձգտում մեղադրել ժամանակակից Թուրքիային, սակայն կարևոր է, որպեսզի մենք ճանաչենք ինքնին Հայոց ցեղասպանության փաստը»,- ասել է ավստրալական նախարարը:

ANC Australia-ի գործադիր տնօրեն Վարանդ Մգրդչյանը Սկոտ Մորիսոնի հայտարարությունը բնութագրում է որպես Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ջանքերին աջակցելու առաջին քայլ: «Մենք շնորհակալ ենք Սկոտ Մորիսոնին և հավատում ենք, որ նա կշարունակի առաջ տանել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Ավստրալիայի խորհրդարանում»,- ասել է Վարանդ Մգրդչյանը: