4 հունիսի 2011 - 11:18 AMT
Վարդան Մինասյան. Կխաղանք այնպես, ինչպես ծրագրենք նախքան հանդիպումը, իսկ ընթացքում կպահպանենք այդ գիծը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գկխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Սանկտ-Պետերբուրգում հանդիպմանը նախորդած մամլո ասուլիսում ասել է, որ չի սիրում նայել մրցաշարային աղյուսակին և իր ու թիմի առջև հեռահար նպատակներ դնել: «Մենք պատրաստվում ենք յուրաքանչյուր կոնկրետ հանդիպմանը: Առջևում Ռուսաստանի հավաքականի հետ խաղն է, մտածում ենք միայն դրա մասին: Մեր ֆուտբոլիստների մոտ ամեն ինչ կարգին է: Եթե համեմատենք առաջին խաղի հետ, ապա կարծում եմ, որ և' բարոյապես, և' ֆիզիկապես թիմն ավելի լավ է պատրաստված»,- նշել է Մինասյանը, հաղորդում է sport-express.ru-ն:

Հայաստանի հավաքականի մարզչի խոսքով, ինքն արդեն կողմնորոշվել է Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը հիմնական կազմի հարցում. «Սարգիս Հովսեփյանը, Ռոման Բերեզովսկին և Յուրա Մովսիսյանը վնասվածքներ ունեին, բայց իրենց լավ են զգում: Երևանում կայացած առաջին հանդիպման համեմատ Յուրան ավելի լավ վիճակում է: Չէի ասի, որ օպտիմալ մարզավիճակում է, բայց շատ ավելի լավ տեսք ունի»: Մինասյանը նշել է, որ նախկինի պես Ռուսաստանի հավաքականին ուժեղ թիմ է համարում և չի կարողանա որևէ մեկին առանձնացնել թիմից: «Լսել եմ, որ ձեր հավաքականին շատ են քննադատում, սակայն դա չի ազդում իմ գնահատականի վրա»,- ասել է Մինասյանը:

Ի պատասխան Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի հայտարարությանն այն մասին, որ հայերը հարմարվելու են ռուսների խաղին, Մինասյանը նշել է. «Յուրաքանչյուր թիմ խաղում է այնպես, ինչպես նրան թույլ է տալիս հակառակորդը: Իսկ հարմարվելու հաշվով` տեսնենք, թե ինչպես կընթանա խաղը: Նախօրոք ոչինչ չի կարելի ասել: Կփորձենք խաղալ մեր ֆուտբոլը, խաղալ այնպես, ինչպես ծրագրենք նախքան խաղը, իսկ ընթացքում կպահպանենք այդ գիծը»:

Եվրոպայի 2012 թվականի առաջնության Ռուսաստան-Հայաստան նախընտրական հանդիպումը կմեկնարկի Սանկտ-Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում հունիսի 4-ին` երևանյան ժամանակով 20:00-ին: