4 հունիսի 2011 - 15:32 AMT
Դաշնակահար Հայկ Մելիքյանը հոկտեմբերին կներկայացնի «1900+» ծրագրի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները

Դաշնակահար Հայկ Մելիքյանը իր «1900+» ծրագրով, որտեղ վերջերս ընդգրկվեցին չորս հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, հանդես կգա հոկտմեբերին` հայ-լեհական երաժշտության համերգի շրջանակներում: Ինչպես նշեց Մելիքյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, համերգին կկատարվեն Էդվարդ Սադոյանի «Նվիրում Արշիլ Գորկուն» սոնատը դաշնամուրի և հարվածայինների համար և Ժիրայր Շահրիմանյանի «Չորս թանկա» ստեղծագործությունները, մյուս երկու ստեղծագործությունները նախատեսված է ընդգրկել 2012 թ-ի ծրագրերում:

2011-12 թթ. ընթացքում Հայկ Մելիքյանի կողմից կկատարվեն Էդվարդ Սադոյանի «Նվիրում Արշիլ Գորկուն» սոնատը դաշնամուրի և հարվածայինների համար, Կարեն Անանյանի «Սևը և սպիտակը», Մոշ Սահակյանի «Անկարգություն» դաշնամուրի և էլեկտրոնային ձայների համար և Ժիրայր Շահրիմանյանի «Չորս թանկա» ստեղծագործությունները: Վերոնշյալ գործերը կկատարվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում, կհրատարակվեն, կձայնագրվեն և կթողարկվեն ձայնասկավառակի տեսքով:

2010 թ. դեկտեմբերին Հայկ Մելիքյանի կողմից հայտարարվել էր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների մրցույթ «1900+» համերգաշարում ընդգրկելու համար, որին ներկայացվել էր ավելի քան 30 հայտ: Ըստ Մելիքյանի, բավական դժվար էր կատարել ընտրությունը, որովհետև լավ ստեղծագործությունները շատ էին: