6 հունիսի 2011 - 14:43 AMT
Տավուշի մարզում վերականգնվում են վերամշակող գործարանները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կիրակի օրն անցկացրել է Տավուշի մարզում` հետևելով սահմանամերձ գյուղերում ընթացող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին:Նախարարը այցելել է վերամշակող մի քանի ընկերություններ,հանդիպել գյուղացիներին, վստահեցրել նրանց, որ ամբողջ բերքը իրացվելու է ժամանակին և առանց խոչընդոտների: Հատկանշական է, որ Տավուշի սահմանամերձ գյուղերում այս տարի ավելացել են ցանքատարածությունները, և այս միտումը կշարունակվի: Չինարիում, օրինակ, 3 հա - ի հասնող հատապտղի օրգանիկ այգիները կավելանան ևս 3 հա-ով:

Այգեգործության զարգացմանը զուգահեռ աշխատանքներ են տարվում վերամշակող գործարանների վերաբացման ուղղությամբ: Վարագավանի պահածոների գործարանը արդեն սկսել է աշխատանքները:Գյուղատնտեսության նախարարը խոստացել է օգնել նաև Այգեձորի պահածոների գործարանի վերաբացման հարցում;

Տավուշի մարզում զգալի ներդրումներ են կատարվում գինեգործության զարգացման ուղղությամբ:Նախարարը ծանոթացել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի աշխատանքներին, որտեղ նրան տեղեկացրել են, որ պատրաստ են գյուղացիներից ընդունել ամբողջ բերքը:

Սերգո Կարապետյանը եղել է նաև «Մասիս Տոբակո» - ի կողմից կառուցվող Տաուշ և Ազատամուտ համայնքների ծխախոտի չորանոցներում:Այստեղ նրան տեղեկացրել են,որ ծխախոտի մշակության դաշտերն ընթացիկ տարում կավելանան և, 2010 - ի 370 հա -ի դիմաց, այս տարի պայմանագիր կկնքվի 500 հա - ի համար, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: