
Իրանի արտգործնախարարությունը վստահեցնում է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն անպայման Հայաստան կայցելի մոտ ժամանակներս: Ինչպես հայտնել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանփարասթը, Հայաստանն ու Իրանը բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ են պահպանում, և երկու պետությունների ղեկավարությունները մշտական կապի մեջ են գտնվում:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո քարտուղարը հայտնել է, որ նախագահ Ահմադինեժադը Հայաստան կժամանի երևանյան այցի շրջանակներում ստորագրվելիք փաստաթղթերի շուրջ նախապատրաստական աշխատանքների ավարտից անմիջապես հետո: Սակայն Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի ճշտել ԻԻՀ նախագահի այցի կոնկրետ ամսաթիվը, հաղորդում է ISNA-ն: Իրանական գերատեսչության տեղեկատվության համաձայն, այցի շրջանակներում Ահմադինեժադին ուղեկցելու են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք ներկայացնում են Իրանի քաղաքական և տնտեսական շրջանակները:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Երևան, որը ծրագրված էր այսօր, հետաձգվել է կողմերի փոխհամաձայնությամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ԻԻՀ նախագահը Երևան կայցելի կողմերի համար ավելի նպատակահարմար ժամանակ: