Սամվել Կարապետյանի շուրջ 2 մլն դոլար նվիրատվությամբ Արցախի Մարտունի քաղաքում կլուծվի խմելու ջրի հարցը

Սամվել Կարապետյանի շուրջ 2 մլն դոլար նվիրատվությամբ Արցախի Մարտունի քաղաքում կլուծվի խմելու ջրի հարցը

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվո անդամ, «Տաշիր-Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի նվիրաբերած միջոցներով, մինչև տարեվերջ կավարտվեն ԼՂՀ Մարտունի քաղաքի ջրամատակարարման 1-ին գոտու շինարարական աշխատանքները և քաղաքի բնակչության շուրջ երկու երրորդը կօգտվի ջրամատակարարման նոր համակարգից: Աշխատանքների 2-րդ և 3-րդ փուլերի ավարտին քաղաքն ամբողջությամբ կունենա բարելավված ջրամատակարարում:

Սա Արցախի ջրամատակարարման ոլորտում իրականացվող, թվով երկրորդ խոշոր ծրագիրն է, որ կյանքի է կոչվում մեծապես Սամվել Կարապետյանի և իր գլխավորած «Կարապետյան եղբայրներ» ընկերության նվիրատվությունների շնորհիվ: Առաջինը` Շուշի քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցումն է, որն իրականացվում է Ռուսաստանի հայ բարերարների նվիրաբերած միջոցներով, որտեղ առյուծի բաժինը կազմում է Կարապետյանի կատարած շուրջ մեկ միլիոն դոլար նվիրատվությունը:

Հեռուստամարաթոն 2008-ը գրանցեց Հիմնադրամի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ` 35 միլիոն դոլար` շնորհիվ Սամվել Կարապետյանի 15 միլիոն դոլար նվիրատվության: Ստեփանակերտում այսօր արդեն կանգուն է Կարապետյանի նվերը արցախցիներին` հանրապետական հիվանդանոցը, որը հարդարման և կահավորման աշխատանքների ավարտից հետո կսպասարկի տարածաշրջանի բնակչությանը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը համոզմունք է հայտնել. «Հիմնադրամի պատմության վերջին տարիներին Սամվել Կարապետյանն անուրանալի դերակատարում է ունեցել: Հայտնի է, որ նվիրատվությունների չափի առումով, վերջին երկու տարում Ռուսաստանն առաջատար է. այս փոփոխությունը մեծապես կապված է նաև Սամվել Կարապետյան բարերարի անվան հետ, ում վարքն օրինակելի է դարձել Ռուսաստանում ապրող բազմաթիվ հայ գործարարների համար»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---