7 հունիսի 2011 - 13:01 AMT
Հայաստանում մտադիր են սկսել բազալտե մանրաթելի արտադրություն

Բարձր ջերմաստիճանի տակ հալեցման ճանապարհով ստացված բազալտե մանրաթելը կարող է լավ հիմք հանդիսանալ տարատեսակ շինանյութերի արտադրության համար, ստացված հումքը կարող է կիրառվել ջերմամեկուսացման, արմատուրա պատրաստելու համար, որը երեք անգամ ավելի թեթև է և ամուր քան մետաղը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, առաջին փուլի ներդրումներըը կազմում են 6-10 մլն դոլար, «ամեն ինչ կախված է արտադրության ծավալներից»: Նախագծի իրագործման վայր կարող են դառնալ երկու բազաները` Երևանում «Օնիքս» ընկերության արտադրական բազան կամ Քանաքեռի գործարանի բազան:

Նրա խոսքերով, հիմա խոսքը գնում է մանրաթել ստանալու մասին, երկրորդ փուլը մանրաթելի մշակումն է արտադրանք ստանալու համար:

Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ այս նախագիծը ներկայացվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում մայիսի 30-ին, ինչպես նաև չինական կողմին, ավստրիական և ռուսական ընկերություններին, շահագրգռվածությունը մեծ է, սակայն դեռևս կոնկրետ առաջարկներ չկան: