7 հունիսի 2011 - 16:16 AMT
Եվրոպական պահպանողականների և ռեֆորմատորների խումբը ողջունում է համաներումը Հայաստանում

Եվրոպական պահպանողականների և ռեֆորմատորների խումբը (ERC Group) ողջունում է Հայաստանի նախագահի կողմից հայտարարված համաներումը: Ինչպես նշվում է ECR Group-ի` PanARMENIAN.Net ուղարկված հայտարարության մեջ, համաներմանը իշխանությունների և ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) միջև խոստումնալից երկխոսություն է հաջորդել փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտում:

ECR Group-ը Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում ուժեղացնել իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությունը` նպաստելով Հայաստանում եվրոպական արժեքների հիման վրա ժողովրդավարության ամրապնդմանը: Ինչպես ընդգծում են եվրոպական պահպանողականներն ու ռեֆորմատորները, այդ գործընթացները տեղի են ունենում այն բարեփոխումների հետ զուգընթաց, որոնք Հայաստանն իրագործում է Եվրոպական հանձնաժողովի հետ գործընկերության շրջանակներում:

ECR Group-ը բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում օգտագործել այդ հնարավորությունը Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանը քվեարկեց նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկի օգտին: Համաներմամբ ազատ արձակվեցին հայկական արմատական ընդդիմության կողմնակիցները, որոնք բանտարկվել էին 2008 թվականի մարտի 1-2-ի անկարգությունների մասին գործով, այդ թվում` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Հունիսի 6-ի դրությամբ համաներմամբ ազատ են արձակվել 400 բանտարկյալներ: