Լուրերը, թե կալանավոր Գագիկ Սաֆարյանը մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, չեն համապատասխանում իրականությանը

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին` ժամը 21:00-ի սահմաններում, կտրուկ վատացել է Հայաստանի արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Գագիկ Սաֆարյանի առողջական վիճակը: ՔԿՀ բժշկական ծառայության կողմից ախտորոշվել է «սուր որովայն» և անմիջապես կանչվել է շտապ օգնություն, որը Գագիկ Սաֆարյանին տեղափոխել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Բժիշկների եզրակացությամբ որոշվել է, որ վերջինս ենթակա է վիրահատման, կալանավորն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կալանավորը ժամը 22:00-ին հետազոտվել է, որից հետո` վիրահատվել: Հաջորդ օրը` հունիսի 6-ին` ժամը 19:00-ի սահմաններում, նախնական կալանքում գտնվող Գագիկ Սաֆարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը, լուրերն այն մասին, թե իբր կալանավորը մահացել է քրեակատարողական հիմնարկում, և որ շտապ օգնությունը պատշաճ չի արձագանքում քրեակատարողական հիմնարկի կանչերին, չեն համապատասխանում իրականությանը:

Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախկինում չորս անգամ դատապարտված Գագիկ Սաֆարյանը, որը տառապում էր անբուժելի հիվանդությամբ, մեղադրվում էր ՀՀ ՔՕ 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, որը կատարվել է խոշոր չափերով):

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---