8 հունիսի 2011 - 11:11 AMT
Աշոտ Եղիազարյանի հանցակիցներին հեռակա կերպով մեղադրել են խարդախության մեջ

Ռուսաստանի քննչական կոմիտեի քննչական վարչությունը մեղադրանքներ է ներկայացրել Արտյոմ Եղիազարյանին, ինչպես նաև Մաքսիմ Կլոչինին և Վիտալի Գոգոխիային, որոնց Պետդումայի՝ խարդախության մեջ մեղադրվող պատգամավոր Աշոտ Եղիազարյանի հանցակիցներն են համարում:

Մեղադրանքները վերոնշյալ անձանց ներկայացվել են հեռակա կերպով, քանի որ նրանք արտասահմանում են գտնվում: Մեղադրյալների փաստաբան Դմիտրի Բարանովսկու խոսքով, Արտյոմ Եղիազարյանը, ինչպես և Աշոտը, այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Ընդ որում, ընդգծում է փաստաբանը, իր գտնվելու վայրի մասին նրա պաշտպանյալը քննչական մարմիններին հաղորդել է քրեական գործ հարուցելուց անմիջապես հետո և պատրաստ է ցանկացած ժամանակ հանդիպել քննիչների հետ, բայց միայն ԱՄՆ տարածքում:

Թե որ արտասահմանյան երկրում են գտնվում Մաքսիմ Կլոչինն ու Վիտալի Գոգոխիան, լրագրողներին չի հաջողվել պարզել:

Արտյոմ Եղիազարյանը, Մաքսիմ Կլոչինն ու Վիտալի Գոգոխիան մեղադրվում են նույն հոդվածով, որով և պատգամավոր Եղիազարյանը՝ «առանձնակի խոշոր չափերի խարդախություն»: Հետաքննությունը նրանց վրա է բարդում ձեռներեց Վիտալի Սմագինից «Ցենտուրի ալյանս» ՓԲԸ բաժնետոմսերի 20 տոկոսի հափշտակումը, այդ ընկերությանն է պատկանում Ռուբլյովյան մայրուղու վրա գտնվող «Եվրոպարկ» առևտրի համալիրը:

Աշոտ Եղիազարյանը, բացի «Ցենտուրի ալյանսի» բաժնետոմսերի հետ կապված խարդախությունից, մեղադրվում է նաև Ռոսիմուշչեստվոյի նախկին փոխնախագահ Միխայիլ Անանյևից կես միլիարդ ռուբլի հափշտակելու մեջ: Վերջինիս խոսքով, պատգամավորն այդ գումարն իրենից պարտքով էր վերցրել, բայց այդպես էլ չի վերադարձրել: Եղիազարյանը, որն ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, այժմ բնակվում է Բևերլի-Հիլզում, միջազգային հետախուզման մեջ է և Ինտերպոլի հետախուզման բազայում է ընդգրկվել:

Պատգամավոր Եղիազարյանը բազմիցս նշել է, որ կատարվող դեպքերը գործնական շահերի հակամարտություն է համարում և քննչության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել իր փաստաբանների միջոցով: Այնուամենայնիվ, ինչպես «Կոմերսանտին» է հայտնել Բարանովսկին, ո՛չ Աշոտ Եղիազարյանը, ո՛չ էլ նրա եղբայր Արտյոմը մտադիր չեն Ռուսաստան վերադառնալ, քանի որ չլուծված գործեր ունեն ԱՄՆ-ում, հաղորդում է Lenta.ru-ն: