Հայաստանի ուժային կառույցների սպառնալիքները «Tez Tour»-ին ստիպել են լքել հայկական շուկան

Հայաստանի ուժային կառույցների սպառնալիքները «Tez Tour»-ին ստիպել են լքել հայկական շուկան

PanARMENIAN.Net - «Հեռացումը Հայաստանի շուկայից նախորդ տարվա դեպքերի շարունակությունն է` կապված տեղական «Magic Time» տուրիստական ընկերության հետ, որը մեզ խոշոր գումար էր պարտք և փորձում էր ուժային կառույցների միջոցով ճնշում գործադրել մեզ վրա, որպեսզի մենք շարունակեինք փաստացիորեն անվճար սպասարկել նրանց զբոսաշրջիկներին»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել «Tez Tour» ընկերության PR-տնօրեն Մարինա Մարգարովան: Նրա խոսքով, «Magic Time»-ը, միջնորդ հանդիսանալով հայկական տուրիստական գործակալությունների և «Tez Tour»-ի ներկայացուցչության միջև, գործակալությանն ավելի քան $400 000 էր պարտք: «Արդյունքում «Tez Tour»-ը հրաժարվեց սպասարկել «Magic Time»-ի նոր հաճախորդներին մինչև պարտքի ամբողջական մարումը: Սակայն պարտքի հարցը կարգավորելու վերաբերյալ կառուցողական երկխոսություն վարելու փոխարեն «Magic Time»-ը ռուսական ընկերության վրա ուժային ճնշման դիմեց Հայաստանի ուժային կառույցներում ազգականների միջոցով»,- ասել է նա:

Ընդ որում, Մարգարովան նշել է, որ տուրիստական գործակալության տվյալներով, «Magic Time»-ի սեփականատիրոջ ազգականներից մեկը գլխավորում է Երևանի Ոստիկանության 6-րդ բաժանմունքը, որը ռուսական ՏՀՊՎ համարժեքն է: «Ոստիկանությունում տուրիստական օպերատորին բացեիբաց հայտարարեցին, որ եթե ընկերությունը չների «Magic Time»-ի պարտքը, «Tez Tour»-ի երևանյան աշխատակիցները խնդիրներ կունենան օրենքի հետ: Մենք չենթարկվեցինք նրանց և հրաժարվեցինք անվճար սպասարկել զբոսաշրջիկներին»,- ընդգծել է նա:

Ավելի վաղ «Tez Tour»- ի հայկական մասնաճյուղի նախկին աշխատակիցներից մեկը PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել էր, որ գործակալությունը փակելու մասին տեղեկատվությունն անակնկալ է եղել հենց աշխատակիցների համար: Աղբյուրի խոսքով, ռուսական տուրօպերատորն աշխատանքից ազատել է Հայաստանում բոլոր աշխատակիցներին: Սակայն նա հավելել է, որ մինչև փակելու որոշում ընդունելը ղեկավարությունը լուրջ մտադրություններ է ունեցել Հայաստանում զբոսաշրջության զարգացման ոլորտում: «Նրանք պատրաստվում էին երկրում կառուցել հյուրանոց, ինչպես նաև զարգացնել երկրում արտագնա զբոսաշրջությունը»,- ասել է գործակալության նախկին աշխատողը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---