9 հունիսի 2011 - 17:13 AMT
Յունիբանկն առաջարկում է նոր վարկային քարտ` «Constant+»

Յունիբանկ ՓԲԸ-ն հաճախորդներին առաջարկում է նոր վարկային քարտ` «Constant+», որը նախատեսված է բուհերի դասավանդողների, առողջապահության ոլորտի, պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների կամ 250 հազար դրամից ավել աշխատավարձ ստացող այլ անձանց համար: «Constant+» քարտի նպատակային նշանակությունը վարկային միջոցների տրամադրումն է սպառողական կարիքների բավարարման համար»,- նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Հաճախորդը կարող է քարտով ապրանքներ գնել խանութներում, վճարել ծառայությունների դիմաց կամ կանխիկ գումար ստանալ բանկոմատներում: Վարկառուներին տրամադրվում է Visa Electron կամ Visa Classic տեսակի վարկային քարտ` մինչև 2 մլն դրամ գումարով և 24 ամիս մարման ժամկետով: Քարտի վարկային միջոցների տարեկան տոկոսադրույքը, կախված գումարի արժույթից, կազմում է 18-ից մինչև 20 տոկոս: Ընդ որում, տոկոսադրույքը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ, երբ հաճախորդն այդ քարտի դրամական միջոցներով վճարում է ապրանքի դիմաց կամ գումարը կանխիկացնում է: «Constant+» քարտի առավելություններից մեկը վարկի մարման ճկուն համակարգն է. քարտապանը կարող է իրականացնել ամենամսյա մարումներ` նվազեցնելով վարկի գումարը կամ ապահովել բացասական մնացորդի 10 տոկոսի դրական շրջանառություն ամսվա վերջին: Տոկոսագումարները ենթակա են վճարման ամեն ամիս: