Ռուսաստանը կրկին կոչ է արել չհետաձգել ղարաբաղյան կարգավորման սկզբունքների համաձայնեցումը

Ռուսաստանը կրկին կոչ է արել չհետաձգել ղարաբաղյան կարգավորման սկզբունքների համաձայնեցումը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կոնկրետ սկզբունքների համաձայնեցման գործընթացը հետաձգելն արդյունավետ չէ, հինգշաբթի օրը հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Մեծ հույսեր կան, որ Դովիլում նախագահների հայտարարությունը կօգնի կողմերին գիտակցելու այն սահմանը, որին մոտեցել է քաղաքական կարգավորման գործընթացը: Այնուհետև արդեն ծառանում է հիմնարար սկզբունքների ընդունման կոնկրետ խնդիրը»,- ասել է ուկաշևիչը:

«Երկու կողմերի` այս գործընթացը հետաձգելու և ճարտասանությամբ զբաղվելու քաղաքականությունն ապակառուցողական է: Նախագահների ազդանշանը կայանում է նրանում, որ պետք է պայմանավորվել, պետք է ընդունել այդ սկզբունքները և աշխատել արդեն մեծ փաստաթղթի վրա, որը կորոշի այս կարգավորման չափանիշները»,- ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այսօր` հունիսի 9-ին, Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկին:

Հանդիպման ընթացքում համանախագահները Հայաստանի ԱԳ նախարարին ներկայացրեցին Բաքվում և Ստեփանակերտում անցկացրած հանդիպումների արդյունքները` հույս հայտնելով, որ հունիսի 25-ին Կազանում կայանալիք հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում առաջընթաց կարձանագրվի:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին, և եթե Ադրբեջանը պատրաստ լինի տալ իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի կարգավորման գործընթացում արձանագրել ակնկալվող առաջընթացը: «Արդյո՞ք Ադրբեջանի պաշտոնյաների` անգամ Դովիլից հետո բանակցային գործընթացի էությունը աղավաղող կամ հորինված մանրամասներ ներկայացնող հայտարարությունները` խաղաղապահ ուժերի կամ այլ հարցերի մասին, վկայում են առաջարկություններին առանց փոփոխությունների և լրացումների համաձայնություն տալու Բաքվի պատրաստակամության մասին, ինչի վերաբերյալ կոչ էին արել համանախագահները»,- նշել է արտգործնախարարը:

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---