10 հունիսի 2011 - 10:32 AMT
Հայ երկաթուղայինների երեխաները կհանգստանան Շահալի ամառային ճամբարում

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողների երեխաների առաջին խումբը հունիսի 10-ին կմեկնի ամառային հանգստի Շահալի առողջարանային ճամբար, որը գտնվում է Շիրակի մարզում: Առաջին 100 երեխաները կհանգստանան ճամբարում 16 օր, իսկ ամառվա ընփացքում Շահալիում հանգիստը կվայելի ընդհանուր առմամբ 500 երեխա:

ՀԿԵՈՒ-ն երեխաների տեղափոխման համար նշանակել է հատուկ գնացք, որը կվարի փորձառու լոկոմոտիվային բրիգադ և մեքենավար-հրահանգիչը: Նրանց կօգնեն ուղեկցորդները և անվտանգության աշխատողները:

Մանկական գնացքի անվտանգ երթևեկության ապահովման համար կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ, հատուկ ուշադրության է դարձվելու անվտանգությանը երկաթուղային գծանցներում:

ՀԿԵՈՒ-ն առաջին տարին չէ, ինչ ամառային անվճար հանգիստ է կազմակերպում իր աշխատողների երեխաների համար՝ անցյալ և նախանցյալ տարի Շահալի ճամբարում հանգստացել է հազար երեխա, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: