Տրանսպորտի ոլորտի միջազգային փորձագետները հունիսի 14-ին կհավաքվեն Երևանում

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Երևանում կկայանա Ավտոտրանսպորտի միջազգային միության (IRU)` Եվրասիայի երկրների հետ կապի կոմիտեի նիստ, որին կմասնակցեն IRU-ի` ԱՊՀ անդամ երկրների նախագահները:

Ինչպես հաղորդում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը, նիստի օրակարգում ընդգրկված են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` Միջազգային ճանապարհատրանսպորտային փոխադրումների համակարգի, միջազգային ավտոբեռնափոխադրումների համար Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) և Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) բազմակողմ թույլտվությունների և քվոտաների քննարկումը:

Երևանում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և IRU միջև կստորագրվի նաև Հայաստանի տարածքով Ասիայի, Եվրոպայի և հիմնական համաշխարհային շուկաների միջև ավտոտրանսպորտային փոխադրումների զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր:

IRU Ավտոտրանսպորտի միջազգային միությունը ստեղծվել է 1948թ.-ին և հիմնական նպատակն է ցամաքային տրանսպորտի զարգացումն ու օպերատորների շահերի պաշտպանությունը: IRU-ի անդամներ են աշխարհի 74 երկրների շուրջ 172 տրանսպորտային միություններ: Հայաստանը IRU-ի անդամ է դարձել 1999 թ.-ին: IRU-ի շրջանակներում գործում են տարբեր ուղղվածության խորհուրդներ, աշխատանքային խմբեր և կոմիտեներ:

ՀՀ կառավարության 1999թ.-ի համապատասխան որոշմամբ TIR կոնվենցիայի ազգային երաշխիքային մարմին է ճանաչվել Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիան (ՀՄՓԱ) և նրան է վերապահվել Հայաստանում Ավտոտրանսպորտի միջազգային միության` միջազգային ճանապարհային փոխադրումների փոխադրագրքույկներ և երաշխիքներ տալու իրավասությունը:

Ներկայումս ՀՄՓԱ-ի անդամ են հանդիսանում հայկական 39 կազմակերպություններ, որոնք ունեն եվրոչափանիշներին համապատասխանող շուրջ 250 բեռնատար տրանսպորտային միջոցներ: 2010թ. TIR համակարգով իրականացվել են 800-ից ավելի փոխադրումներ, սպասվում է, որ 2011թ. այդ թիվը կանցնի 1000-ից: ՀՄՓԱ-ն առաջին TIR փոխադրագրքույկը տրամադրել է 2001թ.-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---