Արթուր Բաղդասարյանը Միրոսլավ Լայչակի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա իրավիճակը

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարիչ-տնօրեն Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի` որպես Եվրամիության արևելյան գործընկեր երկրի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա իրավիճակը և հետագա զարգացման հեռանկարները:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամուլի ծառայությունը, Միրոսլավ Լայչակը դրական է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը, Ասոցացման Համաձայնագրի և ԽՀԱԱՏ-ի շուրջ բանակցությունների ընթացքը, ինչպես նաև վիզաների դյուրացմանն ուղղված ջանքերը` վերջինիս փոքր-ինչ դանդաղ ընթացքը բացատրելով ԵՄ-ի կողմից միգրացիոն քաղաքականության հորիզոնական վերանայմամբ: Նա նաև նշել է, որ Եվրոպական Միությունն այժմ իր գործընկերներից ակնկալում է ոչ միայն կայունություն, այլ նաև առաջընթաց և բարեփոխումներ: Բարձր գնահատելով եվրոպական կառույցների գործունեությունը համակարգող հանձնաժողովի գործունեությունը` եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան կարևորել է բարեփոխումների հետևողական խորացման անհրաժեշտությունը:

Արթուր Բաղդասարյանը ողջունել է արևելյան գործընկեր երկրների հետ հարաբերությունների խորացման համատեքստում Եվրամիության որդեգրած նոր` անհատական մոտեցումը, ըստ որի մշակվում և իրականացվում են այնպիսի ծրագրեր և գործողություններ, որոնք բխում են տվյալ երկրի քաղաքական, իրավական, տնտեսական իրավիճակից, ինչպես նաև տվյալ երկրում այդ ծրագրերի կենսագործման քաղաքական պատրաստակամությունից:

ԱԱԽ քարտուղարը ներկայացրել է ընթացիկ բարեփոխումների չորս ուղղվածությունները` քաղաքական ոլորտ, տնտեսական ոլորտ` ԵՄ-ի Խորը և համապարփակ ազատ առևտրի տարածքի ստեղծում, արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտ, ինչպես նաև պետական կառավարման համակարգի բարեփոխումներ: Հայաստանում ԵՄ Խորհրդատվական Խմբի աջակցությամբ իրականացվում է նաև հանրային իրազեկման լայն քարոզարշավ` բարեփոխումային գործընթացների լուսաբանման և տարաբնույթ ոլորտներին առնչվող քննարկումների կազմակերպման նպատակով անցկացվող սեմինարների և աշխատաժողովների միջոցով:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ առկա են բոլոր պայմանները և ստեղծված է հետևողական և հուսալի մեխանիզմ բարեփոխումների հետագա առաջխաղացման համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է շարունակելու եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումների իրականացման դժվարին, բայց միևնույն ժամանակ հեռանկարային ուղին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի հարևան երկրներին և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---