Երևանում քննարկվեց դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների դասավանդման հարցը

PanARMENIAN.Net - 2011թ. հունիսի 10-ին Երևանում ՀՀ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների դասավանդման հարցի շուրջ քննարկում:

Կլոր սեղանին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարությունից, ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից, ՀՀ Առողջապահության նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, շահագրգիռ հասարակական կազմակերպություններից:

Քննարկման մասնակիցները միաձայն համաձայնեցին այն մտքի հետ, որ ճանապարհային անվտանգության տեսանկյունից այսօր անհրաժեշտ է երեխաների իրազեկման բարձրացումը:

Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչ Նաիրա Հարությունյանն առաջարկեց Երևանի դպրոցներում անցկացնել հանդիպումներ ոստիկանության աշխատակիցների հետ, որպեսզի աշակերտները հնարավորություն ունենան հարցեր ուղղել և ստանալ սպառիչ պատկերացում ճանապարհային կանոնների պահպանման կարևորության վերաբերյալ: Նրա խոսքով, օրինապաշտ և կրթված աշակերտները վաղվա օրվա երաշխիքն են, և սովորեցնելով նրանց ճանապարհային կանոնները, ապահովվում է ոչ միայն այսօր դեպքերի նվազեցումը, այլև վաղվա հասարակության հանգիստ կյանքը:

ՀՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ներկայացուցիչ Ռոմելլա Աբովյանն առաջարկեց կազմակերպել աշակերտների համար պարբերական այցելություններ վարորդական դպրոցներ, ճանապարհային ոստիկանություն, տուգանային հրապարակներ և այլն:

ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, կարևորելով քննարկվող հարցը, հայտնեց իր պատրաստակամությունը համագործակցելու դպրոցների հետ` առաջարկելով գոնե տարրական դասարաններում ճանապարհային երթևեկության կանոնները դասավանդել որպես առարկա, իսկ ավելի բարձր դասարաններում այն ներառել այլ առարկաների ուսումնական ծրագրերում: Քննարկման մասնակիցները պատրաստեցին առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի ՀՀ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---