11 հունիսի 2011 - 16:56 AMT
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վրաստանում հայտնել է, որ կփորձի լուծել երկու եկեղեցիների միջև առկա խնդիրները

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վրաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Սուրբ Երրորդության եկեղեցի:

Սուրբ Երրորդության եկեղեցում նրան դիմավորեցին Համայն Վրաց Պատրիարք-կաթողիկոս, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Պիցունդայի և Ցխում-Աբխազեթի միտրոպոլիտ Եղիա Երկրորդը, ինչպես նաև Հոգևոր սինոդի անդամները:

Պատրիարք-կաթողիկոսը հույս հայտնեց, որ «Գարեգին Երկրորդի այցը կնպաստի վրացիների և հայերի միջև պատմականորեն եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը»: Նա նշել է, որ ինքն անձամբ կանի ամեն ինչ, որպեսզի այդ փոխադարձ կապն առավել ուժեղանա:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հերթին հայտնել է, որ «Վրաստան է ժամանել հետագա համագործակցության հարցերը դիտարկելու, ինչպես նաև մինչ օրս գոյություն ունեցող չլուծված բարդությունները հաղթահարելու համար», հաղորդում է Գրուզիա Օնլայնը: