Շվեդիայում կայանալու է Հայկ Մելիքյանի` Բախին նվիրված ստեղծագործության համաշխարհային պրեմիերան

Շվեդիայում կայանալու է Հայկ Մելիքյանի` Բախին նվիրված ստեղծագործության համաշխարհային պրեմիերան

PanARMENIAN.Net - Հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանը հունիսի 16-ին Շվեդիայի Յ.Ս. Բախին նվիրված O/MODƏRNT փառատոնի շրջանակներում հանդես կգա համաշխարհային պրեմիերայով: Ստեղծագործությունը, որի հեղինակը հենց Մելիքյանն է, տրիպտիխ է` նվիրված Բախի հիշատակին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց դաշնակահարը, ստեղծագործությունը գրվել է 2 շաբաթվա ընթացքում, իսկ փառատոնին մասնակցելու առաջարկը նա ստացել է 2010 թ-ին, երբ Հայաստանում էին փառատոնի կազմակերպիչները: Նա նաև հավելեց, որ տրիպտիխը ունի ոճային նմանություններ Բախի ստեղծագործությունների հետ:

Փառատոնը այս տարի տեղի է ունենալու հունիսի 15-18-ը, որի շրջանակներում ամբողջ աշխարհից եկած երաժիշտները ներկայացնում են Բախին նվիրված ստեղծագործությունները, կազմակերպվում են սեմինարներ և նույնիսկ սալսա պարի կատարումներ Բախի ստեղծագործությունների ոճով:

Հայկ Մելիքյանը Հայաստանի առաջատար դաշնակահարներից է: Ծնվել է Երևանում: Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Իրինա Գրիշինսկայայի մոտ, այնուհետև Երևանի պետական կոնսերվատորիայում` պրոֆ.Ալեքսանդր Գուրգենովի մոտ: Հ.Մելիքյանի միջազգային համերգային դեբյուտը կայացել է Հռոմում` “Concerto Di Concerti” 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնին: Հ.Մելիքյանը վարում է ակտիվ համերգային գործունեություն` ելույթ ունենալով ինչպես Հայաստանում,այնպես էլ նրա սահմաններից դուրս`Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում, Կիպրոսում, Ճապոնիայում, Մեքսիկայում և այլուր: Նա բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների հաղթող է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---