11 հունիսի 2011 - 17:37 AMT
Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Պրահայի Քվադրինալե» թատերական փառատոնին

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Պրահայի Քվադրինալե» միջազգային թատերական փառատոնին, որը տեղի կունենա Պրահայում հունիսի 16-ից 26-ը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Պրահայի Քվադրինալեում հայ համադրող, բեմանկարիչ Նելլի Բարսեղյանը, Հայաստանը կներկայանա «Երկրներ և տարածաշրջաններ» բաժնում: Նա նշել է նաև, որ Հայաստանն արդեն իսկ ձեռք է բերել 20քմ տարածք ազգային տաղավարի համար, ընդ որում` միջոցառմանը մասնակցելու համար Հայաստանն ընտրել է «Մաքրելով հիշողության փոշին» թեման: «Հայաստանը, լինելով մի փոքրիկ կետ Արևելքի և Արևմուտքի միջև ու իր վրա կրելով դրանց պատմական և մշակութային ինֆորմացիան, այնուամենայնիվ յուրահատուկ է իր մշակութային դրսևորմամբ, որի մի մասն է կազմում նաև թատրոնը: Այն արդեն երկու հազար տարի է գոյություն ունի Հայաստանում:Հիմա ժամանակն է բացելու պատմության և մշակույթի շերտերում փակված մեր ինքնությունը: Բացահայտելու անցյալի պատկերային ու շոշափելի ժառանգությունը, ու դրանցում խտացված ժամանակը լուծելու մեր իրական ժամանակի մեջ»,- ասել է Բարսեղյանը` ավելացնելով, որ Քվադրինալեի շրջանակներում Հայաստանը կցուցադրի չորս ներկայացումների բեմանկարչական հենքերը` «Արդաղիոն», «Գիրք ծաղկանց» (Երևանի Մնջախաղի պետական թատրոն) «Աթոռը», «Արեգնազան» (Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն):

Նելլի Բարսեղյանն ընդգծել է, որ Քվադրինալեին մասնակցելու նպատակն է թատերական արվեստի միջոցով օտարներին հաղորդակից դարձնել հայկական արվեստի մյուս ժանրերին, ծանոթացնել «Քվադրինալե»-ի տասնյակ հազարավոր մասնակիցներին հայ թատրոնի պատմության հետ, փորձի փոխանակման միջոցով խթանել Ժամանակակից հայ թատրոնի զարգացմանը, Հայաստանի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու միջոցով նպաստել Հայաստանում ներգնա տուրիզմի զարգացմանը:

Նելլի Բարսեղյանի հետ միասին փառատոնում Հայաստանը կներկայացնի նաև Երևանի Մնջախաղի պետական թատրոնի բեմադրող նկարիչ Լիլիթ Ստեփանյանը: Քվադրինալեի հայ մասնակիցներն այսօր արդեն կմեկնեն Պրահա, որպեսզի սկսեն նախապատրաստական աշխատանքները: Հայաստանի մասնակցությունը «Պրահայի Քվադրինալե» միջազգային թատերական փառատոնին հնարավոր է դարձել Հայաստանի մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ:

«Պրահայի Քվադրինալե 2011» (PQ2011) միջազգային թատերական փառատոնը Պրահայում կկայանա 12-րդ անգամ: Հերթական «Քվադրինալեին», որը տեղի կունենա կմասնակցի ավելի քան 62 երկիր, որոնց թվում նաև Հայաստանը և այնպիսի խոշոր երկրների, ինչպիսիք են ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա:

«Պրահայի Քվադրինալեն» աշխարհի խոշորագույն և ամենաճանաչված միջազգային թատերական փառատոնն է բեմական ձևավորման ոլորտում (բեմանկարչություն, զգեստների, լուսային և երաժշտական ձևավորում)` բաղկացած երեք մասնաբաժիններից, որոնց ընթացքում տեղի են ունենում բազմաժանր ցուցադրություններ, սիմպոզիումներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլն: