13 հունիսի 2011 - 12:29 AMT
NY Times. Կազանի հանդիպումը փակուղուց դուրս գալու լավագույն հնարավորությունն է

Վերլուծաբանները կարծում են, որ Կազանում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եռակողմ հանդիպումը, որը կայանալու է հունիսի 25-ին, լավագույն հնարավորությունն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում փակուղուց դուրս գալու համար: Այդ մասին գրում է Тhe New York Times-ը: «Դրան խթան է հաղորդվել մեծամասամբ Ռուսաստանի նախագահի կողմից, որը խնդրի կարգավորման համար օգտագործել է իր հեղինակությունը և շատ ջանքեր գործադրել»,- գրում է հոդվածի հեղինակը:

Ինչպես նշում է հրապարակման հեղինակը, Ռուսաստանի նպատակն է համաձայնեցնել կողմերի մոտեցումները հիմնական սկզբունքների շուրջ:

«Ռուսաստանի նպատական է Կազանում համոզել կողմերին համաձայնվել «հիմնարար սկզբունքների» հետ, որոնց մշակվել են բանակցությունների արդյունքում ավելի քան 5 տարի առաջ»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Նրա խոսքերով, միջազգային միջնորդները` Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ, հստակ հայտարարել են համաձայնագրի անհետաձգելիության մասին, ասվում է հոդվածում:

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները:

«Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ: