13 հունիսի 2011 - 18:33 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ստեղծվել է Ցեղասպանության պահանջատիրության հատուկ իրավաբանական հանձնաժողով

Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը հայտարարում է Հայոց ցեղասպանության պահանջատիրության հատուկ իրավաբանական հանձնաժողովի ստեղծման մասին: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած հայտարարության մեջ, հանձնաժողովի նպատակն Արևմտյան Հայաստանի հանդեպ բնիկ հայ ժողովրդի իրավունքները պահպանելն ու վերականգնելն է: Հատուկ հանձնախումբը նպատակ ունի նաև Հայոց ցեղասպանության իրավաբանական ու դատավարական խնդիրը բարձրացնել ազգային ու միջազգային ատյաններում:

Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Արևմտյան Հայաստանի բնիկ հայ բնակչությունը բնաջնջվել է, ենթարկվել է բռնագաղթի, յուրացվել են հայերի հողերը, տարածքներն ու բնական պաշարները: «Հայերը զրկվել են սեփականության իրավունքից, ոչնչացվել է նրանց հոգևոր ու մշակութային ժառանգությունը: Մերժվում է Արևմտյան Հայաստանի հայերի գոյությունը, ուրացվում է Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

«Հատուկ հանձնաժողովի ստեղծումը նպատակ ունի իրավաբանորեն ձեւակերպել եւ քրեորեն հաստատել Հայոց ցեղասպանության փաստը, որը պատմական եւ իրավական անհրաժեշտություն է եւ նպատակ ունի վերականգնել եւ պահպանել բնիկ հայ ժողովրդի իրավունքները»,-ասվում է հայտարարության մեջ:

ՖՈՏՈՇԱՐՔ