13 հունիսի 2011 - 19:08 AMT
ՌԴ 12 քաղաքներում Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի ներկայացուցչություններ են բացվել

Հունիսի 12-ին Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Յարոսլավլում, Վոլգոգրադում, Կրասնոդարում, Նիժնի Նովգորոդում, Դոնի Ռոստովում, Օրենբուրգում, Սամարայում, Ստավրոպոլում, Ուլյանովսկում և Բորոնեժում կայացավ Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի (ՀՄԵԿ) ներկայացուցչությունների բացման արարողություն:

Գոյության առաջին իսկ օրվանից (2008թ. ապրիլ) Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնն իր գլխավոր խնդիրներից մեկն է հռչակել հայ-ռուսական հարաբերությունների զարգացումն ու ընդհանուր պատմական հիշողության արդիականացումը:

Նախօրեին ՀՄԵԿ մոսկովյան (կենտրոնական) ներկայացուցչության բացմանը կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը նշեց, որ ռուսական երիտասարդական կազմակերպությունների հետ ամենատարբեր նախագծերի իրականացման և բազմակողմանի կապերի կարգավորման ճանապարհով տարածաշրջանային ներկայացուցչությունների առջև խնդիր է ծառանում` Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդության մակարդակով կենդանացնել երկու երկրների միջև միջտարածաշրջանային երկխոսությունը: «Ոչ պակաս կարևոր է նաև Ռուսաստանի հայկական սփյուռքի երիտասարդության միավորման անհրաժեշտությունը: Հայկական մշակույթի, լեզվի, ավանդույթների և սովորույթների պահպանումը, տարածումը պետք է բոլոր ներկայացուցչությունների առօրյա խնդիրը դառնա»,- ընդգծեց Նիկողոսյանը, հաղորդում է ՀՄԵԿ մամլո ծառայությունը: