13 հունիսի 2011 - 21:31 AMT
ԿԱՐԾԻՔ
ՖՈՏՈՇԱՐՔ
Ո՞ւմ հրահրմամբ է Բաքուն համարձակվել Հայաստանին սպառնալ «պետականության կորստով»

Ադրբեջանում որոշել են չսահմանափակվել միայն Լեռնային Ղարաբաղի առնչությամբ պատերազմ սկսելու սպառնալիքներով: Արցախում այսօր-վաղը սկսվող պատերազմի մասին արդեն ձանձրացրած հայտարարություններին ավելացել են անմիջականորեն Հայաստանի հասցեին ուղղված սպառնալիքները. Երևանին սպառնում են «մղձավանջային հետևանքներով», «պետականության կորստով» և ընդհանուր առմամբ «ինքնին Հայաստանի կորստով»: Համապատասխանաբար, շեղումը մեկընդմիշտ ընտրված և ավանդաբար օժանդակվող ուղենիշից երկու հիմնական հարց է առաջացնում` ո՞վ է Ադրբեջանին թույլ տվել հանդես գալ նման հայտարարություններով և ինչի՞ համար է Ադրբեջանը նման հայտարարություններ կատարում:

Միամտություն կլիներ կարծել, թե ադրբեջանական իշխանություններն այս կամ այն հայտարարություններով հանդես են գալիս առանց աշխարհիս ուժեղագույնների թույլտվության: Սակայն նույնքան միամտություն կլիներ ենթադրել, որ ներկայիս դրության մեջ, երբ ղարաբաղյան հարցում այսպես, թե այնպես շահագրգռված կողմերն անհամբերությամբ սպասում են հունիսի 25-ին Կազանում կայանալիք նախագահների հանդիպմանը, նույն գերտերությունները Ադրբեջանին առանց հիմնավոր պատճառների թույլ կտային լրջորեն սպառնալ Հայաստանին: Հենց հակամարտության շուտափույթ կարգավորումը պահանջող տերություններին բոլորովին պետք չէ լարվածության ուժեղացում:

Ամենայն հավանականությամբ, Բաքվի կողմից ցուցադրական, այո, հենց ցուցադրական սպառնալիքների համար պատճառ է դարձել ղարաբաղյան հիմնախնդրի իսկապես մոտեցող լուծումը, իսկ դրա հետ մեկտեղ` ադրբեջանական ժողովրդի հնարավոր արձագանքն այդ լուծմանը, որի հետևանքով Ադրբեջանի ղեկավարությունը կարող է զրկվել այդ իշխանությունից:

Հաշվի առնելով Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ կողմերի «դիրքերի ինչ-որ մերձեցման» մասին վերջին հայտարարությունները` չի բացառվում, որ Կազանում, այնուամենայնիվ, ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Համապատասխանաբար, ադրբեջանական իշխանությունները պետք է գոնե ինչ-որ կերպ արդարանան իրենց ժողովրդի առջև, որին այդքան երկար ժամանակ սնուցել են պատերազմ սկսելու խոստումներով: Եվ բնական է, որ Ադրբեջանի իշխանությունները, չբացահայտելով փաստաթղթի մանրամասները, կփորձեն համոզել իրենց ժողովրդին, որ «Հայաստանը, վախենալով սպառնալիքներից, ստիպված ստորագրել է փաստաթուղթը», իսկ հետո` ինչ լինում է, թող լինի:

Ելնելով այն բանից, որ Հայաստանում ոչ մի նյարդային հայտարարություններ չեն դիտվում Կազանի հանդիպման նախաշեմին, կարելի է ենթադրել, որ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերն այն մասին, որ այժմ մշակվող փաստաթուղթը լիովին համապատասխանում է Բաքվի շահերին, հերթական հոխորտանքն է, ինչպես և Հայաստանի հասցեին ուղղված սպառնալիքները: Իսկ Ադրբեջանի ժողովուրդն արդեն ժամանակն է, որպեսզի նոր նախագահ փնտրի:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ