13 հունիսի 2011 - 21:47 AMT
Ստեփան Սաֆարյանն առանձնակի սպասումներ չունի եռակողմ հանդիպումից Կազանում

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն առանձնակի սպասումներ չունի հունիսի 25-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից Կազանում: «Դիվանագիտական հայտարարություններն ընդամենը լավատեսական ֆոն են ստեղծում և ուրիշ ոչինչ»,- հայտնել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցին: Ընդ որում, Սաֆարյանը նշել է, որ այժմ բանակցություններում երկակի իրադրություն է ստեղծվել, որը մի կողմից պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների դովիլյան հայտարարությամբ, իսկ մյուս կողմից` կարգավորման առաջարկվող պայմաններից հակամարտող կողմերի դժգոհությամբ: «Երկու կողմերին էլ այն ձեռնտու չէ, քանի որ նրանք չեն կարողանա այն «վաճառել» իրենց հասարակություններին»,- նկատել է նա:

Սաֆարյանը նշել է նաև, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ իրավունք չունի ստորագրելու ևս մեկ փաստաթուղթ, «որով շարժվելը վտանգավոր կլինի, իսկ նահանջելը` անհնար»: Նա ավելացրել է, որ այժմ առաջարկվող պայմաններով կարգավորման սկզբունքների մասին համաձայնագրի ստորագրումը կարող է կործանիչ հետևանքներ ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ այն ստորագրած իշխանությունների համար:

Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ: