14 հունիսի 2011 - 11:28 AMT
Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիայի մրցաշարի հաղթող է դարձել Պետական հումանիտար համալսարանի թիմը

Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիան ֆուտբոլի մրցաշար է անցկացրել, որին մասնակցել են Մոսկվայի 11 բուհերի հայկական ուսանողական կազմակերպություններ և «ՍԻՎԱՄ» հայկական երիտասարդական կազմակերպությունը:

Ասոցիացիայի նախագահ Հենրի Սարդարյանը նշել է, որ նման միջոցառումները հիմք են հանդիսանում տարբեր բուհերի ուսանողների միջև ընկերական և բարեկամական կապերի ամրապնդման համար: «Մենք հետագայում ևս մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր ուսանողների ոչ ֆորմալ շփմանը»:

Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիայի մրցաշարի հաղթող է դարձել Պետական հումանիտար համալսարանի թիմը, որը եզրափակչում 1:0 հաշվով հաղթեց ՌԴ Մաքսային ակադեմիայի թիմին: Երրորդ տեղում է Հայ երիտասարդության մտավոր համագործակցության ընկերակցության թիմը:

Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիան ստեղծվել է 2011 թվականի մարտի 4-ին, նրան անդամակցում է Մոսկվայի 16 բուհ: Ասոցիացիան գիտական, մշակութային և մարզական միջոցառումներ կանցկացնի, որոնց հիմնական մասը կմեկնարկի սեպտեմբերին: