14 հունիսի 2011 - 17:55 AMT
Ալտի և թավջութակի փառատոնի հերթական համերգը տեղի կունենա Երևանում

Հունիսի 15-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի երկրորդ փառատոնի հերթական համերգը: Հակոբ Աթյանը (թավջութակ) կկատարի Ա. Խուդոյանի Սոնատը, իսկ Հակոբ Աթյանը (թավջութակ) և Արթուր Ավանեսովը (դաշնամուր) կկատարեն Դ. Շոստակովիչի Սոնատը: Յանա Դարյանը (ալտ) և Լուսինե Հակոբյանը (դաշնամուր) հանդես կգան Է. Բլոխի Սյուիտ Ալտի եւ դաշնամուրի համար և Տ. Մանսուրյանի «Չորս հայրեններ» ալտի եւ դաշնամուրի համար ստեղծագործություններով: Համերգը կեզրափակվի Գ. Ֆ.Տելեմանի «Չորս Կոնցերտ 4 ալտի համար» ստեղծագործությամբ Յանա Դարյանի, Գոռ Հովհաննիսյանի, Աննա Եսայանցի և Մերի Դոլմազյանի կատարմամբ:

Փառատոնը նպատակ ունի զարգացնելու ալտ և թավջութակ գործիքների կատարողական արվեստը` հիմնվելով տասնամյակների ընթացում ձևավորված կատարողական դպրոցի նվաճումների և ձեռքբերումների վրա, ինչպես նաև խթանել ալտ և թավջութակ գործիքների հանդեպ հետաքրքրությունը,այդ գործիքների համար նոր երկերի ստեղծումը` այս գործընթացում ներգրավելով հայ արդի կոմպոզիտորներին: Փառատոնը բաղկացած է 5 համերգից, որին իրենց մասնակցությունը կբերեն մոտ 30 երաժիշտներ. երաժշտական դպրոցների սաներ, կոնսերվատորիայի ուսանողներ, ճանաչված երաժիշտներ, ինչպես նաև փառատոնային կամերային նվագախումբը: Փառատոնի փակման համերգին (հունիսի 26) հանդիսատեսը հնարավորություն կունենա առնչվելու կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Յակով Յակուլովի (ԱՄՆ) արվեստին:

Փառատոնը կազմակերպվել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից և կշարունակվի մինչև հունիսի 26-ը: