Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձև կներկայացվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ

Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձև կներկայացվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ

PanARMENIAN.Net - Այս շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանության մասին մի նոր բանաձև կներկայացվի: Այդ մասին գրում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: Նա նշում է, որ առաջ անցնելով ցեղասպանության հարցից` այս տարի ամերիկահայերը կարող են Կոնգրեսին ներկայացնել այլ բանաձևեր հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ: «Նրանք կարող են ստիպել Թուրքիային վերադարձնել յուrացված հայկական եկեղեցիները Ստամբուլի հայկական պատրիարքարանին՝ թույլ տալով, որ դրանք գործեն որպես եկեղեցիներ, և ոչ թե՝ թանգարաններ, մզկիթներ կամ տեսարժան վայրեր: Ամերիկահայերը նոր բանաձևով կարող են հարգանքի տուրք մատուցել իրավագետ Ռաֆայել Լեմկինին, ով հորինեց «ցեղասպանություն» տերմինը` ազդված լինելով 1915 թվականի հայերի զանգվածային սպանություններից, խրախուսել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը», - գրում է Սասունյանը` ավելացնելով, որ նոր բանաձևով կարելի է նաև սատարել Թուրքիայում ապրող բոլոր փոքրամասնությունների (ալեվիներ, հայեր, ասորիներ, հույներ, հրեաներ և քրդեր) մարդու իրավունքների պաշտպանությունը։

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---