Բեռնար Ֆասիե. Եթե հիմնարար սկզբունքները չընդունվեն, ԵԱՀԿ ՄԽ-ն ստիպված կլինի հանդես գալ նոր հայեցակարգով

Բեռնար Ֆասիե. Եթե հիմնարար սկզբունքները չընդունվեն, ԵԱՀԿ ՄԽ-ն ստիպված կլինի հանդես գալ նոր հայեցակարգով

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը բավական ճկուն է և կարող է արագ արձագանքել տարածաշրջանում կատարվող բոլոր փոփոխություններին: Այդ մասին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում լսումների ժամանակ, հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ռոբերտ Բրադտկեն: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլում Մինսկի խումբն իրեն բավական արդյունավետ է դրսևորել: Ընդ որում, նա նկատել է, որ հակամարտության կարգավորման գործում ապագայում տեսանելի է նաև ԵՄ մեծ դերը: Անդրադառնալով համանախագահների աշխատանքի արդյունավետությանը, ամերիկյան միջնորդը հայտնել է. «գլխավոր բանը, որին մենք հասել ենք, նոր պատերազմի բացառումն է»:

Ֆրանսիական համանախագահ Բեռնար Ֆասիեն իր հերթին ընդգծել է, որ Եվրամիության դերը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում որոշիչ է: «ԵՄ դերն առնվազն երկու երկրների քաղաքացիական հասարակության նախապատրաստումն է»,- նշել է նա: Ընդ որում, Ֆասիեն նկատել է, որ եթե հիմնարար սկզբունքները չընդունվեն, ԵԱՀԿ ՄԽ-ն ստիպված կլինի հանդես գալ նոր հայեցակարգով:

Ֆրանսիայից համանախագահի խոսքով, իրենք հույս ունեին առաջընթացի հասնել 2009 թվականին, ուստիև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներն առաջին անգամ պատասխանատվություն ստանձնեցին հրապարակելու կարգավորման հիմնարար սկզբունքները: «Այսպիսով, այսօր մենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման 3-րդ փուլի ավարտին ենք մոտեցել»,- ասել է նա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---