15 հունիսի 2011 - 19:53 AMT
Միրոսլավ Լայչակ. Եվրամիությունը պատրաստ է ներգրավվել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում

Եվրամիությունը պատրաստ է ներգրավվել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում: Այդ մասին Եվրախորհրդարանում լսումների ժամանակ հայտնել է Եվրամիության արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով կառավարիչ-տնօրեն Միրոսլավ Լայչակը: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը միակ հակամարտությունն է, որտեղ ԵՄ-ն ուղղակիորեն ներգրավված չէ: «Սակայն միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ ներկա փուլում դա դժվար է անել, ուստի կաջակցենք ղարաբաղյան հակամարտության միջնորդներին նրանց գործունեության հարցում»,- Լայչակը: Ընդ որում, նա նկատել է, որ ԵՄ-ը շատ մեծ փորձ ունի հակամարտությունների լուծման գործում, ուստի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ կազմակերպությանը զգալի կլինի: Այս համատեքստում նա նկատել է, որ ԵՄ-ից այդ դերը կարող է կատարել տարածաշրջանում իր նշանակմանը սպասող ԵՄ նոր ներկայացուցիչը:

«Հակամարտությունը պետք է միայն խաղաղ ճանապարհով լուծվի, ԵՄ-ն իր հերթին իր աջակցությունը կցուցաբերի հետհակամարտական տարածքների վերականգնման և կողմերի միջև վստահության կառուցման և պահպանման գործում»,- գտնում է Լայչակը` ավելացնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն ազդում է այդ թվում ԵՄ վրա, այնպես որ այդ խնդիրը վերաբերում է նաև Եվրամիությանը: