Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանի անհատական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանի ծննդյան 80-ամյա և ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյաններին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ներկայացված են Ռաֆայել Աթոյանի տարբեր տարիների գեղանկարչական աշխատանքներ, որոնց մի մասը ստեղծվել է հայրենիքում, իսկ մյուսը` ԱՄՆ-ում, որտեղ 1994 թվականից բնակվում է նկարիչը:

Երկար տարիների բեղմնավոր գործունեության հանրագումարը նկարչի` հայրենիքում և նրա սահմաններից դուրս կազմակերպված անհատական ցուցահանդեսներն են (Երևան, Գյումրի, Մոսկվա, Բելգրադ, Վիեննա, Զալցբուրգ, Ավինիոն, Մանիլա, Բոստոն, Մանչեստեր, Ֆրեզնո, Լոս Անջելես և այլն):

Ռաֆայել Աթոյանն արժանացել է մի շարք մրցանակների ու պատվոգրերի: 1982թ. նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում, 1989թ. պարգևատրվել է Արհմիության խորհրդի մրցանակով` գրականության, արվեստի և լրագրության ոլորտում`«Իմ մանկության աշխարհը» նկարաշարի համար, 1994թ. Ֆրեզնոյում պարգևատրվել է «Լավագույն աշխատանք» պատվոգրով:

Ռաֆայել Աթոյանի անհատական ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի մինչև հունիսի 29-ը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---