Հայաստանի վարչապետը Լոնդոնում հանդիպել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ գործարարների հետ

Հայաստանի վարչապետը Լոնդոնում հանդիպել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ գործարարների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 15-ին աշխատանքային այցով ժամանել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, աշխատանքային օրվա առաջին կեսին Տիգրան Սարգսյանը հանդիպել է աշխարհի տարբեր երկրներից Լոնդոն ժամանած հայ գործարարների հետ: Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ աշխարհասփյուռ հայ գործարարների հետ շփումները թույլ են տալիս պատկերացում կազմել, թե ինչ հնարավորություններ ունի հայ ժողովուրդն առկա մարտահրավերներին դիմագրավելու համար: «Այսօր բավական լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Խոսքը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ողջ հայ ազգի մասին է: Ես համոզված եմ, որ մենք կարող ենք միասին մտածել, թե ինչ համատեղ ծրագրեր կարող ենք իրականացնել», - նշել է վարչապետը:

Հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը հայ գործարարներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրը, ներդրումային ծրագրերի հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, որոնք անմիջականորեն առնչվում են մեր երկրի տնտեսությանը: Արծարծվել են նաև բարեփոխումների այն ծրագրերը, որոնք այժմ իրականացվում են:

Գործարարների հետ հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական BBC ընկերությանը:

Նույն օրը երեկոյան Տիգրան Սարգսյանը ներկա կգտնվի Բուքինգհեմյան պալատում Արքայազն Չարլզի և Արմեն Սարգսյանի նախաձեռնած դրամահավաքին, որից գոյացած միջոցներն ուղղվելու են Հայաստանում «Երևան` իմ սեր» և Շոտլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Դամֆիս դղյակի պահպանման ծրագրերին:

«Երևան` իմ սեր» նախագծի նպատակը Հայաստանի մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգության վերականգնումն ու պահպանումն է:

«Երևան` իմ սեր» ծրագրի շրջանակներում Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքում արդեն սկսվել է առաջին երեք շենքերի կառուցումը, որոնցից մեկը մոր և մանկան կենտրոն է, մյուսը` կլինիկա` խուլ ու համր երեխաների, երրորդը` մանկապարտեզ` կարիքավոր ընտանիքների երեխաների համար:

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնից կվերադառնա վաղն առավոտյան:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---