9 մայիսի 2003 - 19:21 AMT
ԵԱՀԿ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՅՑԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՁԳՎԵԼ
Մայիսի 18-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը ղարաբաղյան հակամարտության գոտի կարող է հետաձգվել Ադրբեջանի նախագահի առողջական վիճակի վատթարացման եւ Բաքվից նրա բացակայության պատճառով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Հայաստանի կառավարության բարձրաստիճան աղբյուրը: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը միջնորդները հանդիպել են Փարիզում, որտեղ քննարկել են հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկությունները, որոնք նրանք մտադիր են ներկայացնել հակամարտության կողմերին` Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ առաջիկա այցի ընթացքում: Առաջարկությունների մանրամասներն առայժմ անհայտ են: