16 հունիսի 2011 - 13:37 AMT
Երևանի 16, 15, 22, 3 և 28 երթուղու ավտոբուսներում գործում է մինչև 4 Մբ/վ արագությամբ Wi-Fi ինտերնետ

Այսօր մեկնարկեց Երևանի քաղաքապետարանի և Orange Armenia ընկերության համատեղ Երևանի հասարակական տրանսպորտում Wi-Fi անլար ինտերնետ կապ ապահովելու պիլոտային ծրագիրը։

Պիլոտային ծրագրի շրջանակում այսօրվանից Երևանի 5 ավտոբուսներում՝ 16, 15, 22, 3 և 28 երթուղու, գործում է Wi-Fi ինտերնետը։

Երևանի քաղաքապետարանին կից գործող «Կառավարման տեխնոլոգիաներ» ընկերության տնօրեն Արա Յաղջյանի խոսքով, այս ծրագրի նպատակն է կոչ անել ավտոբուսներից ավելի շատ օգտվել և ստեղծել հարմարավետ պայմաններ ուսանողների համար։

«Եթե ստանանք լավ արդյունքներ, ապա հետագայում Wi-Fi ինտերնետ կտեղադրենք բոլոր ավտոբուսներում, ինչպես նաև կանգառներում։ Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ ավտոբուսից օգտվելն ավելի հարմարավետ է, ավելի ազատ։ Մեր ընտրած առաջին երեք երթուղիները՝ 16-ը, 15-ը և 22-ը, ավելի երիտասարդական են, քանի որ հիմնականում համալսարաններ են տանում»,- ասաց Արա Յաղջյանը։

Ըստ Արա Յաղջյանի, յուրաքանչյուր ուղևոր օրական միջինը 1 ժամ օգտվում է հասարակական տրանսպորտից։

Ավտոբուսներում տեղադրված MyFi մոդեմին միաժամանակ կարող է միանալ 5 սարք։ MyFi մոդեմն ապահովում է մինչև 7.2 Մբ/վ արագություն։

Orange Armenia ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով ինտերնետի արագությունը չի սահմանափակվելու. «Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե որ փողոցում է գտնվում ավտոբուսը և քանի հոգի են տվյալ պահին միացած ինտերնետին։ Եթե շատերը միացած լինեն, արագությունը մինչև 1 Մբ/վ կլինի։ Մեր փորձարկումը ցույց է տվել 2-4 Մբ/վ արագություն։

«Մի կողմից այս ծրագիրը հնարավորություն կտա ուղևորներին ավելի բովանդակալից դարձնել ավտոբուսում անցկացրած ժամանակը, մյուս կողմից մենք ցանկանում ենք ինտերնետը հասանելի դարձնել բոլորին։ Սա իսկական նորարարություն է։ Մենք մոտակա ամիսներին կհետևենք traffic-ին, կպարզենք ինչ նպատակներով է օգտագործվում»,- ասաց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։

Wi-Fi կապով ապահովված ավտոբուսների վրա առկա է Wi-Fi-ի նշանը։