16 հունիսի 2011 - 16:40 AMT
Badu.am նոր նախագիծը կօգնի լրագրողներին դասակարգված տեղեկություններով

Բլոգեր, տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ու լրագրող Արթուր Պապյանը միասին ստեղծել են badu.am կայքը։ Նախագիծն ամբողջությամբ դեռ պատրաստ չէ։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Պապյանը նշեց, որ կայքը նախատեսված է մասնավորապես լրագրողների ու մեդիա ոլորտի մասնագետների համար։Badu.am-ը կօգնի լրագրողներին արագ տեղեկանալ, թե օրվա ընթացքում սոցիալական ցանցերում ամենաշատ արծարծվող թեմաները որոնք են։

«Պետք է սոցցանցերի ողջ անկառավարելի ինֆորմացիոն հոսքը դասակարգել, մի համակարգ ստեղծել և ըմբռնելի դարձնել։ Մենք փորձում ենք այդ ամբողջ քաոսից մի բան կորզել, դասակարգել»,-նշեց Արթուր Պապյանը։

Արթուր Պապյանի խոսքով կոնցեպտուալ առումով badu.am-ը նման է լինելու curation (համակարգող) կայքերին. «Կայքում կհայտնվեն սոցցանցերում, բլոգերում ակտիվ օգտագործողների թվիթներ, Facebook-յան և բլոգային գրառումներ, հոլովակներ youtube-ից, vimeo-ից։ Կայքին կմիացնենք նաև ֆոտոշեյրինգ ծառայություններ, ինչպիսիք են Flikr-ը կամ Picasa-ն։ Չի բացառվում, որ Live streaming-ի (առցանց հեռարձակում) հնարավորություն լինի։ Լրագրողները հոդված գրելիս կկարողանան հեշտությամբ օգտվել կայքից։ Հնարավոր է անգամ, որ մենք մեր պլատֆորմը ստեղծենք, կամ օգտագործենք Storify curation կայքը»։

Սոցցանցերի բոլոր ակտիվ օգտագործողները և ակտիվ բլոգերները կարող են լինել badu.am-ի ուշադրության կենտրոնում և անգամ պարբերաբար պարգևատրվել։

«Մենք մտածում ենք պարգևատրման համակարգ՝ rating (վարկանիշ) ստեղծելու մասին։ Կարող ենք ցույց տալ մարդկանց ցանկ, ովքեր վստահելի, հետաքրքիր կամ սեփական տեղեկությունն են տարածում, մարդիկ, ովքեր սպամեր են կամ չեզոք օգտագործողներ։ Անգամ մտադիր ենք Foursquare-ի պես վիրտուալ կրծքանշաններ նվիրել»,-ասաց Արթուր Պապյանը։

badu.am-ը շուտով կունենա իր խմբագիր-ադմինիստրատորներին, ովքեր ողջ օրվա ընթացքում կհետևեն կայքի զարգացմանը, սոցցանցերում շրջանառվող խոսակցություններին։ Կայքը լինելու է հայերեն։ badu.am-ը կպարունակի հավաքված նյութերի օրիգինալ լինքերը embed վիճակում։

Այս նախագիծը ֆինանսավորվում է Եվրասիա հիմնադրամի կողմից։ Արթուր Պապյանի խոսքերով, մինչև տարեվերջ կփորձեն կայքը դարձնել կայուն աշխատող, որպեսզի այն պատրաստ լինի ինքնաֆինանսավորման։