16 հունիսի 2011 - 16:46 AMT
Ջութակահար Հրաչյա Ավանեսյանը այնուամենայնիվ չի մասնակցում Չայկովսկու անվան մրցույթին

Ջութակահար Հրաչյա Ավանեսյանը չի մասնակցում Ռուսաստանում ընթացող Չայկովսկու անվան մրցույթին: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՌԴ մշակույթի նախարարության մամլո պատասխանատու Տատյանա Կլիմենկոն: Նա նշեց, որ մրցույթի կազմակերպիչներին հայտնի չէ ջութակահարի մրցույթին չմասնակցելու պատճառը: ՀՀ մշակույթի նախարարության հասարակության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ Հրաչյա Ավանեսյանը հետախուզման մեջ էր գտնվում բանակից խուսափելու պատճառով, սակայն ՀՀ մշակույթի նախարարության միջնորդությամբ պետք է մասնակցեր մրցույթին:

Ջութակահարն իր հերթին շնորհակալական նամակ էր հղել նախարարությանը: Նախարարությունում տեղեկացրեցին, որ պաշտոնական ոչ մի տեղեկություն չունեն Ավանեսյանի մրցույթին չմասնակցելու վերաբերյալ, սակայն ջութակահարը, կարծես թե խնդիր է ունեցել Ստրադիվարիուսի ջութակի տեղափոխման հարցում:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վերջերս հայտնվել էր մի տեղեկատվություն, համաձայն որի ջութակահար Հրաչյա Ավանեսյանը, որն ավարտել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիան, չի կարող մասնակցել հունիսի 13-ին Ռուսաստանում մեկնարկած Չայկովսկու անվան հերթական միջազգային մրցույթին, քանի որ գտնվում է հետախուզման մեջ և Ռուսաստան մտնելու իրավունք չունի: Պատճառը բանակում ծառայելուց խուսափելն է: Ջութակահարի հարազատներից մեկը ավելի վաղ հայտնել էր, որ Ավանեսյանը կմասնակցի մրցույթին և այդ լուրը հրապարակվել էր:

Ջութակահար Հրաչյա Ավանեսյանը բազմաթիվ հաջողություններ է ունեցել արտերկրում. Բելգիայի թագուհի Եղիսաբեթի անվան ակադեմիայում նրան է տրամադրվել իտալացի աշխարհահռչակ վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի Piatti ջութակը, որի վրա երկար տարիներ նվագել է լեգենդար ջութակահար Նիկկոլո Պագանինին: