16 հունիսի 2011 - 16:56 AMT
Ազգային գրադարանի աշխատակիցները բողոքում են տնօրենի պաշտոնանկության դեմ, սակայն չեն ցանկանում բացահայտ խոսել

Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները դեմ են տնօրեն Դավիթ Սարգսյանին աշխատանքից հեռացնելուն, սակայն, չեն ցանկանում իրենց կարծքիը բարձրաձայնել լրագրողների հետ շփումներում: Հունիսի 16-ին գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը պետք է ասուլիսով հանդես գար Երևանի մամլո ակումբներից մեկում, սակայն ասուլիսից մի քանի րոպե առաջ զանգահարել է՝ հայտնելով որ իրեն կանչել են ՀՀ մշակույթի նախարարություն և նա չի կարող մասնակցել հանդիպմանը:

Փոխարենը ասուլիսին մասնակցել է Հանրային խորհրդի սփյուռքի արտաքին կապերի և ազգային արժեքների ենթահանձնաժողովի անդամ Ռաֆիկ Թադևոսյանը՝ խոսելով ի պաշտպանություն Սարգսյանի: Նա ասաց, որ ինքը և գրադարանի 200 ընթերցող գնալու են մինչև վերջ: Սակայն ինչ է հասկանում մինչև վերջ ասելով, չմանրամասնեց: Նա նաև հավելեց, որ կհաշտվի իրողության հետ, եթե Սարգսյանը չմնա գրադարանի տնօրենի պաշտոնում:

Վերջերս ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ չի երկարացնելու գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի պաշտոնավարման պայմանագիրը ժամկետը վերջանալու կապակցությամբ: Այս առիթով գրադարանում կազմակերպվել է ստորագրահավաք, ի պաշտպանություն տնօրենի և նամակներ ուղարկել Ազգային ժողով, ՀՀ կառավարություն, երկրի նախագահին և այլ մարմինների: