16 հունիսի 2011 - 17:19 AMT
Եվրախորհրդարանի պատգամավորը քննադատել է նախագահ Ալիևի ռազմատենչ ճարտասանությունը

Կիպրոսից Եվրախորհրդարանի պատգամավոր Իոաննիս Կասուլիդիսը կտրուկ քննադատության է ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները: «Ռազմական ճարտասանությունը, սպառազինության մրցավազքը, միջադեպերը շփման գծում կարող են իրադրությունը դուրս բերել վերահսկողությունից, ինչպես դա եղավ Վրաստանում 2008 թվականին»,- ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով լսումների ժամանակ` հայտնել է Իոաննիս Կասուլիդիսը:

Եվրապատգամավորը նշել է, որ մինչ Մադրիդյան առաջարկներում խոսվում է պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշման մասին, Իլհամ Ալիևը յուրաքանչյուր առիթով փորձում է նախապայմաններ առաջադրել, որոնց համաձայն Ղարաբաղը ոչ մի այլ կարգավիճակ չի ստանա բացի «ինքնավարությունից Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Իոաննիս Կասուլիդիսն առանձնապես ընդգծել է բանակցային գործընթացին Ղարաբաղի անմիջական մասնակցության անհրաժեշտությունը: