16 հունիսի 2011 - 18:03 AMT
Միջազգային փորձագետները ողջունել են հակամենաշնորհային օրենսդրության բարելավման ուղղությամբ Հայաստանի աշխատանքը

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մասնակցել է Դուշանբեում անցկացվող ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին: Ինչպես հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը, նա հանդես է եկել զեկույցով, որի ընթացքում ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարներին ներկայացրել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Մասնավորապես, Հանձնաժողովի նախագահը անդրադարձել է գերիշխող դիրք ունեցող և չարաշահումներ թույլ տված տնտեսվարողների հանդեպ կիրառվող մեթոդների փոփոխություններին:

Ինչպես հայտնի է, այս կամ այն տնտեսվարողի գերիշխող դիրքի որոշման իրավասությունը օրենքով վերապահված է Հանձնաժողովին, որն էլ վարում էր գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանը (ռեեստր):

ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարները ողջունել են օրենքում կատարված վերոնշյալ փոփոխությունը`նշելով, որ այն համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, իսկ Ղազախստանի մրցակցային պաշտպանության ծառայության ղեկավար Մ. Եսենբաևը հատուկ ընգծել է, որ Հայաստանի օրենսդրության մեջ կատարված այս փոփոխությունը ուսանելի է նաև իրենց համար: