16 հունիսի 2011 - 19:15 AMT
Հայաստանի Ոստիկանությունն անում է ամեն ինչ, որպեսզի դեռահասները հանցագործ չդառնան

Ներկա դրությամբ Հայաստանի Ոստիկանությունում հաշվառման մեջ է քսան մուրացիկ երեխա և մարմնավաճառությամբ զբաղվող չորս աղջիկ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Ոստիկանության քրեական հետախուզության Գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով, մուրացկանությամբ կամ մարմնավաճառությամբ զբաղվում են հիմնականում անապահով ընտանիքների երեխաները:

Այս համատեքստում նա հաղորդել է, որ հաճախ ծնողներն անգամ չգիտեն, որ իրենց երեխաները մուրացկանությամբ են զբաղվում, ուստի, երբ դեռահասն առաջին անգամ «բռնվում է», ոստիկանությունն այդ մասին զգուշացնում է ծնողներին: Ընդ որում, Դուրյանն ընդգծել է, որ Հայաստանի ոստիկանությունն անում է ամեն ինչ, որպեսզի կանխի դեռահասների ներգրավումը հանցավոր խմբերում:

Այս կապակցությամբ նա նկատել է, որ չնայած մուրացկանությունը քրեական հանցագործություն չէ, և այդ հարցով պետք է զբաղվեն հասարակական կառուցվածքները, ՀՀ Ոստիկանությունն այդ գործն իր վրա է վերցրել: