16 հունիսի 2011 - 21:05 AMT
Սամվել Նիկոյան. Մենք պետք է բացահայտ խոսենք երեխաների հանդեպ բռնության մասին

«Մենք պետք է բացահայտ խոսենք այնպիսի խնդիրների մասին, ինչպիսին է երեխաների հանդեպ բռնությունը»,- Երևանում «Ապահովենք առավել խոցելի երեխաների իրավունքները» տարածաշրջանային համաժողովի ամփոփմանը հայտնել է ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը: Նրա խոսքով, եթե անգամ երեխայի հանդեպ բռնության գոնե մեկ դեպք կա, նշանակում է արդեն կա խնդիր, «որի մասին պետք է բացեիբաց խոսել»: ՀՀ ԱԺ փոխխոսնակը նշել է նման խնդիրների մասին հանրությանը տեղեկացնելու անհրաժեշտությունը: Ընդ որում, նա նկատել է, որ այդ հարցում երկրի համար կարող է օգտակար լինել նաև այլ երկրների փորձը: Նիկոյանը նշել է, որ այնպիսի երկիր, ինչպիսին է Հայաստանը, որը ժողովրդագրական խնդիրներ և փոքր բնակչություն ունի, պետք է հոգ տանի երեխաների մասին և երկրի արժանի քաղաքացիներ դաստիարակի: Նա ընդգծել է նաև երեխաների հանդեպ բռնություն դրսևորելու դեպքում պատժի խստացման անհրաժեշտությունը: