17 հունիսի 2011 - 13:35 AMT
Մատենադարանի նոր գիտահետազոտական մասնաշենքի կառուցման համար ևս 89 մլն դրամ է հատկացվել

Հայաստանի կառավարությունը հունիսի 17-ի նիստում որոշում է ընդունել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նորակառույց գիտական մասնաշենքի շահագործման լրացուցիչ ծախսերը հոգալու նպատակով ևս 89 մլն 398 հազար դրամ հատկացնելու մասին:

Մատենադարանի նոր մասնաշենքի գլխավոր ճարտարապետը հայտնի երգիչ, ճարտարապետ Արթուր Մեսչյանն է, կառույցը նախատեսված է գիտահետազոտական գործունեության, բոլոր ֆոնդերի պահպանման, վերականգնման, գիտաշխատողների աշխատանքի համար: Հին շենքում կգտնվեն բացառապես ցուցասրահները: Նոր մասնաշենքում նախատեսված է նաև հանդիսությունների դահլիճ, որն օժտված է նորագույն սարքավորումներով: Նոր մասնաշենք տեղափոխվելուց հետո հին շենքում ևս հինգ դահլիճ կավելանա, որոնցից մեկը կտրամադրվի արտասահմանյան ձեռագրերի ցուցադրությանը:

Նոր մասնաշենքն ապահովված է օդափոխանակության և հրշիջման նորագույն համակարգով, ինչպես նաև օժտված է ժամանակակից վերելակներով ու տեխնիկայով:

Ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նորակառույց մասնաշենքը ներկայիս մասնաշենքից մեծ է լինելու 4 անգամ և զբաղեցնելու է 11 358 ք/մ տարածք, իսկ ընդհանուր ծավալը կկազմի 54 462 խոր.մ, մինչդեռ հին շենքի ընդհանուր տարածքը կազմում է 3 186 ք/մ:

Նոր մասնաշենքի շինարարությունն իրականացնող «Մատենադարան» հիմնադրամում 11 մլն 120 հազար դոլարի ներդրում է կատարվել։ Նախատեսվում է, որ շինարարությունը կավարտվի 2011 թվականի օգոստոսի 15-ին։ Շենքը շահագործման կհանձնվի 2011-ի սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանապետության անկախության 20-րդ տարեդարձի օրը:

Հիմնական մասնաշենքը (ճարտարապետ` Մարկ Գրիգորյան) շահագործման է հանձնվել 1959թ.: